ՄԵՐ ՄԱՍԻՆ

 

«ՕՏԱՐՈՖՖ» ընկերություն է, որի հիմնական նպատակը պրեմիում որակի մրգային օղիների արտադրությունն է՝ ընտանեկան և ընկերական միջավայրում վայելելու համար: Ընկերություն հիմնելու միտքը հասունացել է ոչ մեկ օրվա կամ անգամ տարվա ընթացքում: Վերջին մեկ-երկու տանամյակների ընթացքում մենք  բազմաթիվ անգամ այցելել ենք մրգային օղիների հարուստ ավանդույթ, փորձ և տեխնոլոգիաներ ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք  են Գերմանիան, Ավստրիան, Ֆրանսիան և Շվեյցարիան: Համեմատելով այնտեղ և Հայաստանում արտադրված մրգային օղիները` ափսոսանքով էինք նկատում, որ հայկական արտադրանքը որակով էապես զիջում է, չնայած կասկածից վեր է, որ տեղական միրգը համային հատկանիշներով պակաս չէ եվրոպականից, և մենք նույնպես ունենք մրգային օղիների ստացման հարուստ ավանդույթ: Աստիճանաբար հղկվեց ու առարկայական դարձավ պրեմիում դասի մրգային օղիների արտադրության գաղափարը։ Երկարամյա ուսումնասիրություններից հետո, 2018 թվականին Գերմանիայի Բավարիա երկրամասից ձեռք բերեցինք պղնձե, ձեռքի արտադրության թորման սարք։ Այն արտադրված է Մյուլլեր ընտանիքի կողմից, որի արդեն երրորդ սերունդն է զբաղվում այդ արտադրությամբ՝ պաշտպանված մի քանի հեղինակային իրավունքներով: Զուգահեռաբար ներմուծեցինք մրգի վերամշակման անհրաժեշտ սարքավորումներ, և շատ կարևոր է նշել, որ երկարաժամկետ համագործակցության նպատակով կապեր  հաստատեցինք տարատեսակ մրգեր արտադրող ֆերմերների հետ, ինչը հնարավորություն է տալիս ապահովել մեր մրգօղիների հետագծելիությունը սեղանից, շշից մինչև դաշտ:  Արդյունքում, ուրախ ենք փաստել, որ հայաստանյան սպառողին արդեն հասանելի են հայրենական արտադրության բարձրորակ մրգային օղիներ՝ ջերմ և մտերմիկ միջավայրում վայելելու համար: